Իրանում տեղի ունեցած իրադարձությունները խորապես ազդել էին ինձ վրա՝ որպես անտանելի դրամայի հավերժական շղթա:
Երբ հասարակությունը պատկերող արվեստագետ ես, իրադարձությունների կենտրոնում լինելը «ծուղակ է»։ Ես պետք է շատ բան սովորեի: Ճիշտ է՝ դա շատ մարդկային է, բայց սեփական զգացողությունները երբեմն խանգարում են պատկերել այն, ինչ իրականում կա:
Տարիներ շարունակ ես մտածել եմ՝ ինչպե՞ս կզարգանամ ես՝ որպես արվեստագետ, եթե հայտնվեմ այլ միջավայրում: Այս անգամ, չկարողանալով առաջ գնալ՝ ես վերադարձա իմ անցյալին: Այն հիշողություններին, որոնք ձևավորել են ինձ և այն պատմությանը, որ շուրջս է: Ես ուզում էի հասկանալ՝ ինչու՞ հիմա չեմ կարողանում առաջ շարժվել:
Անցյալում նույնպես եղել են բաներ, որ խորապես ազդել են ինձ վրա: Դժվար է եղել դրանք հաղթահարելը, կամ ինչպես իրանցիներն են ասում՝ «գորգի տակ հավաքելը»։
Գիտակցելով անցյալը փոխելու անհնարինությունը, բայց այն խորությամբ տեսնելու անհրաժեշտությունը, ես իմ մեջ ուժ գտա մնալ գործնական անհանգիստ ժամանակներում: Ես վերադարձա այն նեգատիվներին, որոնք վերցրել էի, երբ դեռ նոր էի սկսել զբաղվել լուսանկարչությամբ՝ 1996 թվականից մինչև 1999-ը՝ իմ վաղ երիտասարդության վերջին տարիները (16-ից 19-ը):
Այդ ժամանակ ես, ինչպես իմ սերնդից շատերը, դեռ նոր էի մտնում քաղաքականության և հասարակության անծանոթ աշխարհ՝ առանց իմանալու, թե որքան ցինիկ կարող է այն լինել: Ես վերլուծում էի, որպեսզի հասկանամ: Ես ուզում էի բուժել ներկան՝ հասկանալով անցյալը: Հիշողությունը, որ ձուլվում է քեզ, և ուղիները քեզ նրանից ազատելու:
Բայց մի նկար ցնցեց ինձ՝ թերևս ժամանակի լավագույն պատկերը: Մի աղջիկ վարդի հոտ է առնում: Ծաղկի, որի բույրը մարմնավորում է գարունը, հույսը, սերը և ազատությունը: Ինչպե՞ս կարող է նա երբևէ մոռանալ այդ հոտը:
Այս գրքի համար ես գիտակցաբար ընտրեցի նեգատիվներ, որոնք իմ կամ ուրիշների սխալներով վնասվել էին: Ես հավաքեցի այդ անպետք, կտրտրված նկարները, քանի որ դրանք նույնպես պատմության մի մաս են, որ չենք կարող ջնջել: Դրանք ցույց են տալիս այն հում, չհղկված իրականությունը, որից մենք չենք կարող փախչել։ Փոփոխությունները, որոնք մենք չենք կարող հերքել, և այն, ինչ ժամանակը չի ներում:
Երիտասարդ տարիքում ես որպես մասնագետ դեռ պրոֆեսիոնալ չէի, միամիտ էի, և դա թույլ չէր տալիս կողմնորոշվել։ Հիմա՝ տարիներ հետո, երբ հմտացել եմ, ինչպե՞ս կարող եմ ազատվել դրանից։ Ինչպե՞ս ազատեմ հայացքս այդ ծանրությունից։
Այս սարսափելի լուսանկարները վերանայելուց ներկայիս սարսափելի իրադարձությունների ֆոնին, պարզ է դառնում, որ երիտասարդության հույսերից ու երազանքներից դեպի իրականության հիասթափություն մի քայլ է: Եվ ընտրությունը մեկն է. մնալ հավերժական խավարի մեջ կամ ընտրել պայքարի ուղին և գնալ դեպի լույսը:
Իրանում կանայք մի գիշերվա մեջ չի, որ գիտակցման են եկել: Ես սկսեցի լուսանկարել աղջիկ ուսանողների բողոքի ակցիան: Առաջին անգամ ես տեսնում էի, թե ինչպես են այդ մարմինները մագլցում ցանկապատերի վրայով, քանի որ ունեցածը նրանց չէր բավարարում: Թեհրանի գլխավոր քաղաքային թատրոնում ես առաջին անգամ տեսա, որ երիտասարդ դերասանուհին ձեռքերը բարձրացրել է իր գլխավերեւում, մինչդեռ նախկինում թույլատրելի էր ձեռքերը ուսերից վեր չբարձրացնել բեմի վրա:
Մենք, մեր սերունդը մարմնի ազատության շարժումն էինք: Ես տեսնում էի այդ ամենը, ես դրա մի մասն էի:
Իմ գործընկերները ապշած էին այն ամենից, ինչ կատարվում էր ընտանիքների, քաղաքականության և մշակույթի հետ, բայց նրանք ցանկանում էին աշխատել և պատմել այն, ինչ տեսնում էին. դա էր ժամանակի ճշմարտությունը:
Մենք բոլորս ավելին էինք ուզում, քանի դեռ երիտասարդ ենք, և կյանքը մեզ չի հիասթափեցրել: Բայց դրա գինը շատ թանկ էր։ Քաղաքական գործիչները ծիծաղում էին մեզ վրա, նրանք ծիծաղում էին ինձ վրա։
Այսպիսով, իմ պատմությունը սկսվում է մեծ հույսով, միամտությամբ և վստահությամբ, բայց հասնում է հիասթափության. մենք կոտրվեցինք, բայց ուժ գտանք մեր մեջ՝ շարունակելու սկսածը, հետո նորից կոտրվեցինք և նորից ուժ գտանք: Մենք բախվեցինք ցինիզմին և խավարին:
Սակայն իրանական դիցաբանության մեջ խավարի և լույսի հավերժական պայքարում լույսը միշտ հաղթում է խավարին:
Այս ցուցահանդեսն ինձ համար ավելին է, քան պարզապես ստեղծագործություն, այն իմ սերնդի կարևոր պատմական ժամանակաշրջանն է՝ բազմիցս հուսալու և կոտրվելու: Մենք անդադար ուժ ենք գտնում մեր մեջ՝ լիարժեք ապրելու համար: Ահա մեր պատմությունը:
Կարեն Միրզոյանի կողմից ցուցադրության համար ընտրված լուսանկարները Նյուշա Թավաքոլյանի մեծ նախագծի մի մասն են: